Միջազգային

«Չեղարկվել են Ուկրաինայի հեռահար զինատեսակների սահմանափակումները». Մերց

Գերմանիան, հետևելով Միացյալ Թագավորությանը, Ֆրանսիային և ԱՄՆ-ին, հանել է Ուկրաինային մատակարարվող հեռահար զինատեսակների սահմանափակումները։

Այս մասին WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

«Ուկրաինային մատակարարվող սպառազինության համար գործողության հեռահարության առումով սահմանափակումներ այլևս չկան՝ ոչ բրիտանացիների, ոչ ֆրանսիացիների, ոչ մեր, ոչ ամերիկացիների կողմից։ Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել նաև, օրինակ, Ռուսաստանի տարածքում ռազմական դիրքերին հարվածներ հասցնելով։ Մինչև որոշակի կետ նա չէր կարող դա անել», - ասել է նա: Մերցի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է Ուկրաինային ապահովել նման զենքով։ 

Ապրիլի կեսերին Գերմանիայի կանցլերը հնարավոր էր համարել Կիևի ռեժիմին Taurus թևավոր հրթիռների մատակարարումը՝ եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցնելով։ 

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել էր, որ Մոսկվան գերմանական հրթիռների հարվածը ռուսական ցանկացած օբյեկտի կգնահատի որպես Բեռլինի մասնակցություն Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին: