Միջազգային

Գազայում տասնյակ զոհեր կան, այդ թվում՝ լրագրող

Իսրայելի ռազմական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է առնվազն 30 պաղեստինցի, այդ թվում՝ փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյա և լրագրող, հայտնել են տեղի առողջապահական մարմինները:

Ջաբալիայում օդային հարվածը խոցել է լրագրող Հասան Մաջդի Աբու Վարդայի տունը՝ սպանելով նրան և ընտանիքի մի քանի անդամի: Նուսեյրաթում էլ հարվածի հետևանքով զոհվել են արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնյա Աշրաֆ Աբու Նարը և նրա կինը:

ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի մամուլի գրասենյակը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր սպանված պաղեստինցի լրագրողների թիվը հասել է 220-ի:

Իսրայելի բանակը հայտարարել է, որ գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը կիրակի այցելել է Խան Յունիսի զորքերին՝ նշելով, որ «պատերազմը անվերջ չէ», և ՀԱՄԱՍ-ը կորցրել է իր հիմնական ակտիվները, ներառյալ հրամանատարական կառույցները:

«Մենք կօգտագործենք բոլոր միջոցները՝ պատանդներին ազատելու, ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու և նրա իշխանությունը վերացնելու համար», - հայտարարել է Զամիրը: