Միջազգային

Պուտինը չի ցանկանում մեկնել Վատիկան՝ Ուկրաինայի հետ բանակցելու. Bloomberg

ՌԴ նախագահը չի մեկնի Իտալիա՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև այն պատճառով, որ Ռուսաստանը Վատիկանին հակամարտության չեզոք կողմ չի համարում․ հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ռուս պաշտոնյաներին:

Բացի այդ, Վատիկանի մասնակցությունը բանակցություններին թերահավատություն է առաջացնում նաև Ռուս ուղղափառ եկեղեցու մոտ, որը Սուրբ Աթոռը դիտարկում է որպես պատմական մրցակից Ուկրաինայում:

Որպես խաղաղության մասին ապագա համաձայնագրի պայմանները քննարկելու հարթակ Մոսկվային ավելի շատ ձեռնտու է Թուրքիան։ Միևնույն ժամանակ, ռուսական «Իզվեստիա» թերթը գրում է, որ ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում Ուկրաինայի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացումը Վատիկանում: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եվրոպացի առաջնորդներին ասել էր, որ ՌԴ նախագահը չի պատրաստվում ավարտել պատերազմը Ուկրաինայում, քանի որ կարծում է, որ ինքը հաղթում է․ հաղորդել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: