Միջազգային

Իսրայելը կրակել է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների ուղղությամբ

Իսրայելի զինված ուժերը նախազգուշական կրակոցներ են արձակել միջազգային դիվանագետների պատվիրակության ուղղությամբ Ջենին քաղաքում։ Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պատվիրակությունը, որի կազմում եղել են Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչներ, այցելել է Ջենին։

Պաղեստինյան իշխանությունների հաղորդմամբ՝ դիվանագետները գտնվում էին քաղաքում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով, երբ Իսրայելի զինծառայողները կրակ են բացել նրանց ուղղությամբ։

Իսրայելի բանակը հայտարարում է, որ պատվիրակությունը շեղվել է նախապես համաձայնեցված երթուղուց, ինչն էլ ստիպել է զինծառայողներին կրակ բացել՝ նրանց տարածքից հեռացնելու նպատակով։

Ավելի քան տասը երկրների կառավարություններ կոշտ արձագանք են հայտնել միջադեպին՝ դատապարտելով Իսրայելի գործողությունները և դրանք որակելով որպես անընդունելի։ Իսրայելի կողմը շեշտում է, որ կրակոցները եղել են բացառապես նախազգուշական և ոչ մի նպատակ չեն ունեցել դիվանագետներին վնասելու։