Միջազգային

Հռոմի Պապը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունների հաջորդ փուլը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտնել է, որ Հռոմի Լևոն XIV Պապը հաստատել է իր պատրաստակամությունը՝ Վատիկանում հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցման հաջորդ բանակցությունների փուլը։

«Սրբազան քահանայապետից Վատիկանում բանակցությունները հյուրընկալելու պատրաստակամությունն ստանալը վարչապետի համար խորին երախտագիտության առիթ դարձավ՝ Պապ Լևոն XIV-ի անշեղ խաղաղասիրական ջանքերի համար»,- նշվում է Մելոնիի գրասենյակի հայտարարության մեջ։

Նորընտիր Պապը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Վատիկանը կարող է միջնորդ լինել համաշխարհային հակամարտություններում՝ չնշելով որևէ կոնկրետ հակամարտություն։