Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Փաշինյանի անձնական մասնակցությունը Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին՝ ի հեճուկս արևմտյան պաշտոնյաների սպառնալիքների։
«Մենք կարևորում ենք Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունները և մեր ժողովուրդների միջև խորը կապերը։ Մենք շատ հիմքեր ենք ստեղծել պետությունների հարաբերությունների բոլոր ոլորտներում, որոնք պետք է առավելագույնս և խելամտորեն օգտագործենք»,- ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ ապահովելու Հայաստանի պաշտպանությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
«Մենք շարունակում ենք անվտանգության ոլորտը համարել մեր դաշինքի կարևորագույն հարթություններից մեկը։
Մոսկվան նույնպես անկեղծորեն շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորմամբ»,- ասել է նա։