Միջազգային

Իսպանիայում սպանվել է Յանուկովիչի խորհրդականը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի խորհրդական և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պորտնովը սպանվել է Մադրիդի մոտակայքում․ հաղորդում է Cadena SER ռադիոն։

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 9:15-ին։ Պոսուելո դե Ալարկոն քաղաքի ոստիկանությունը զանգ է ստացել հրազենային վնասվածքներ ստացած տղամարդու առկայության մասին։

Դեպքի վայր ժամանած բժիշկները հաստատել են կրծքավանդակին հասցված 4 և գլխին հասցված 1 հրազենային վնասվածքների արդյունքում մահը։

Ուկրաինական զլմ-ները հայտնում են, որ Պորտնովը համարվել է 2014 թվականին Եվրոմայդանը ճնշելու գաղափարախոսներից մեկը։ 2010-14 թվականներին զբաղեցրել է կարևոր պաշտոններ Յանուկովիչի վարչակազմում։ ԱՄՆ-ն նրա դեմ պատժամիջոցներ է կիրառել՝ Ուկրաինայի դատական ​​համակարգի վերահսկողությանը մասնակցելու համար։

Նա նաև ԵՄ-ի կողմից սև ցուցակում էր հայտնվել Ուկրաինայում պետական ​​միջոցների չարաշահման և մարդու իրավունքների խախտումների համար։ Նա արդարացվել է, սակայն Ուկրաինայի հետախուզական ծառայությունները հետաքննություն են սկսել նրա և Ռուսաստանի կապերի վերաբերյալ։ 

Մայդանից հետո նա փախել էր Ռուսաստան, որից հետո տեղափոխվել Ավստրիա։ Նրա ընտանիքը Ռուսաստանում շքեղ տուն ունի։