ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաստատել է «Ոսկե գմբեթ» անվանումը ստացած 175 միլիարդ դոլար արժողությամբ հրթիռային պաշտպանական վահանի նախագիծը և ծրագրի ղեկավար է նշանակել ԱՄՆ Տիեզերական ուժերի գեներալ Մայքլ Գյուտլեյնին։
Նախագիծը, որը Թրամփը հանձնարարել էր դեռևս հունվարին, նախատեսում է ստեղծել արբանյակների ցանց, որը կկարողանա հայտնաբերել, հետևել և, անհրաժեշտության դեպքում, խոցել թշնամու հրթիռները։
«Ոսկե գմբեթը կպաշտպանի մեր հայրենիքը»,- հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Կանադան նույնպես հայտնել է ծրագրին միանալու ցանկության մասին։
Թրամփի խոսքով՝ պաշտպանական վահանը պետք է շահագործման հանձնվի մինչև իր նախագահական ժամկետի ավարտը՝ 2029 թվականի հունվարին։
«Ռոնալդ Ռեյգանն արդեն տասնամյակներ առաջ էր ցանկանում նման ծրագիր, սակայն տեխնոլոգիաները դեռ չէին հասել անհրաժեշտ մակարդակի»,- ասել է Թրամփը՝ հիշեցնելով 1980-ականներին Ռեյգանի կողմից առաջ քաշված տիեզերքից ղեկավարվող հրթիռային պաշտպանության համակարգը, որը հայտնի էր «Աստղային պատերազմներ» անվանումով։