Իսպանիայում կապի զանգվածային խափանումներ են. բջջային ցանցերն ու ինտերնետը չեն գործում. հաղորդում են միջազգային լրատվամիջոցները։
Մայիսի 20-ի վաղ առավոտից Իսպանիայում խոշոր անջատում է գրանցվել առաջատար օպերատորների՝ Movistar-ի, Orange-ի, Vodafone-ի, O2-ի և այլոց մոտ։ Օգտատերերը չեն կարողացել զանգեր կատարել, հաղորդագրություններ ուղարկել կամ օգտվել բջջային ինտերնետից։
Խնդիրներն ազդել են Մադրիդի, Բարսելոնայի, Վալենսիայի, Սեվիլիայի և այլ քաղաքների վրա։ Նույնիսկ 112 արտակարգ իրավիճակների հեռախոսահամարը մասամբ անհասանելի է եղել։ Որոշ շրջաններում իշխանությունները շտապ այլընտրանքային համարներ են ներդրել։
Խափանումը պայմանավորված էր երկրի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատոր Telefónica-ի կողմից ցանցի անհաջող թարմացմամբ։ Ինժեներներն արդեն աշխատում են հետևանքները վերացնելու ուղղությամբ։
Նշենք, որ սա մեկ ամսվա ընթացքում երկրորդ խոշոր միջադեպն է. ապրիլի վերջին Իսպանիայում և Պորտուգալիայում էլեկտրաէներգիայի 10-ժամյա անջատում տեղի ունեցավ։