Միջազգային

Բրիտանիան, Ֆրանսիան և Կանադան սպառնացել են Իսրայելին

Միցյալ Թագավորության և Կանադայի վարչապետերը և Ֆրանսիայի նախագահը համատեղ հայտարարության մեջ Իսրայելին սպառնացել են «կոնկրետ գործողություններով», եթե նա չդադարեցնի գործողությունը Գազայում և չվերացնի օգնության մատակարարման սահմանափակումները:

Քիր Սթարմերը, Մարկ Քարնին և Էմանուել Մակրոնն ընդգծել են, որ միշտ հանդես են եկել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի օգտին, սակայն այժմ Գազայի հատվածի վրա նրա նոր հարձակումը միանգամայն անհամաչափ պատասխան են համարում:

Իսկ Իսրայելի իշխանությունների որոշումը՝ Գազայի հատված թողնել միայն նվազագույն անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնություն, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի առաջնորդները իրավիճակին լիովին ոչ ադեկվատ են համարում։ 

Թե ինչպիսին կարող են լինել այդ երկրների «կոնկրետ գործողությունները» Իսրայելի դեմ, հայտարարության մեջ չի հստակեցվում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սթարմերի, Մակրոնի և Քարնիի հայտարարությունն անվանել է «մեծ պարգև նրանց, ովքեր ցեղասպանություն են իրականացրել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին», և հավաստիացրել, որ Իսրայելը պատերազմելու է մինչև ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակը: