Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիները 2025թ. հունիսի 30-ից պարտավոր կլինեն մինչև ժամանումը ստանալ հատուկ QR-կոդ «Госуслуги RuID» բջջային հավելվածի միջոցով։ Համապատասխան կարգավորումը վերաբերում է հատկապես այն քաղաքացիներին, ովքեր մուտք են գործում առանց վիզայի. տեղեկությունը հաղորդել է Մոսկվայում Ուզբեկստանի դեսպանությունը։
QR-կոդը պետք է ստանալ առնվազն 72 ժամ առաջ, իսկ շտապ դեպքերում՝ առնվազն 4 ժամ առաջ։ Այն անհրաժեշտ կլինի ներկայացնել սահմանը հատելիս։
Գրանցման ընթացքում անհրաժեշտ է ներբեռնել անձնական տվյալներ, լուսանկար, ինչպես նաև նշել Ռուսաստան գտնվելու նախատեսվող ժամկետը։
Նոր պահանջը չի վերաբերում հետևյալ խմբերին՝
- մինչև 6 տարեկան երեխաներ,
- անձինք, ովքեր ունեն վիզա, ժամանակավոր բնակության իրավունք կամ մշտական բնակության թույլտվություն,
- Բելառուսի քաղաքացիներ։
6-18 տարեկան երեխաների համար հայտը կարող են ներկայացնել ծնողները կամ օրինական խնամակալները՝ պայմանով, որ իրենք ունենան մուտքի թույլտվություն։
Այս փոփոխությունները իրականացվում են Ռուսաստանի կառավարության 2024թ. նոյեմբերին ընդունած որոշման շրջանակում՝ որպես մուտքի և ելքի նոր կանոնների փորձարկման մաս։