Իսրայելը Սիրիայում իրականացրած հատուկ գործողության արդյունքում վերադարձրել է երկրի ամենահայտնի լրտես Էլի Քոհենին վերաբերող հազարավոր նյութեր. գրում է AP-ը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հրապարակել է այդ արխիվից որոշ տարրեր՝ հանձնելով դրանց մի մասը Քոհենի կնոջը՝ Նադիա Քոհենին։ Այդ օրը լրացել էր Քոհենի մահապատժի 60-րդ տարելիցը։ Նա կախաղան էր հանվել Դամասկոսի հրապարակում՝ 1965թ. մայիսի 18-ին։
Վերադարձված շուրջ 2500 նյութերից բաղկացած արխիվում ներառված են փաստաթղթեր, ձայնագրություններ, լուսանկարներ և անձնական իրեր, որոնք հավաքագրվել էին սիրիական հետախուզության կողմից Քոհենի բռնվելուց հետո։ Նյութերի թվում են Քոհենի ձեռագիր նամակները՝ հասցեագրված ընտանիքին, լուսանկարներ նրա լրտեսական գործունեությունից, ինչպես նաև տան բանալիները, կեղծ անձնագրեր ու Մոսադից ստացած հանձնարարականներ։
Իսրայելի կառավարությունը նշում է, որ արխիվը մինչ օրս պահպանվել է Սիրիայի հետախուզական ծառայությունների պահոցներում և այժմ բերվել է Իսրայել հատուկ գործողությամբ։
Նադիա Քոհենն իր հերթին նշել է, որ ամենակարևոր նպատակը մնում է ամուսնու աճյունի վերադարձը։ Ի պատասխան՝ վարչապետը հաստատել է, որ Իսրայելը շարունակում է աշխատանքներն այդ ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Քոհենի մարմինը չի վերադարձվել Իսրայել։
