Միջազգային

«Մենք արեցինք այն, ինչ մեր ուժերի սահմաններում էր». Կոբախիձեն՝ ԱՄՆ-ի մասին

Եթե ԱՄՆ նախագահին հաջողվի թուլացնել «խորքային պետությունը», դա դրական ազդեցություն կունենա վրաց-ամերիկյան հարաբերությունների վրա։ Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Եթե «խորքային պետությունը» չթուլանա, ապա կպահպանվի այսօր գոյություն ունեցող ստատուս քվոն։ Բացի այդ, պետք է հիշել, որ ընդունվել է հենց MEGOBARI օրենքը։ Գործում են պատժամիջոցներ, այդ թվում՝ փոխվարչապետի և մեր ներքին գործերի նախարարի դեմ։ Ահա թե ինչու եմ ասում, որ սա պասիվ լռություն չէ, սա պասիվ վիճակ չէ։ Մենք պետք է փոխենք ստատուս քվոն։ Եթե ամերիկյան կողմից ևս կա շահագրգռվածություն հարաբերությունների վերագործարկման հարցում, կարծում եմ՝ պետք է քայլեր ձեռնարկվեն, սակայն դա մեզանից կախված չէ։ Մենք արեցինք այն, ինչ մեր ուժերի սահմաններում էր, մենք մեր հաղորդագրությունները փոխանցեցինք վարչակազմին, տեսնենք՝ ինչպիսին կլինի նրանց արձագանքը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Իրակլի Կոբախիձեն Facebook-ի իր էջում բաց նամակ էր հրապարակել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։