Եվրոպական միությունը և Միացյալ Թագավորությունը նախնական համաձայնության են հասել պաշտպանական և անվտանգության համագործակցության, ձկնորսության ու երիտասարդության շարժունակության ոլորտներում՝ նախքան երկուշաբթի Լոնդոնում նախատեսված ԵՄ–Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը։ Այս համաձայնությունը կբացի ճանապարհ բրիտանական ընկերությունների համար՝ մասնակցելու ԵՄ խոշոր պաշտպանական պայմանագրերին․ հայտնում են ԵՄ պաշտոնյաները։
Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները ստացել են «Համատեղ ըմբռնման» (Common Understanding) տեքստը, որն այժմ հաստատման փուլում է ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների կողմից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան կհանդիպեն երկուշաբթի՝ Լոնդոնում։
Սա կլինի Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալուց հետո («Բրեքզիթ») հարաբերությունների ամենանշանակալի վերանայումը, որը միտված է խթանել առևտրային և պաշտպանական համագործակցությունը՝ եվրոպական անվտանգությունն ու բրիտանական տնտեսությունը զարգացնելու նպատակով։