Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, Հայաստանին մեղադրել է միջազգային հանրությանը մոլորեցնելու մեջ։
Ըստ նրա՝ Հայաստանի համար միջազգային պայմանագրերում տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները որևէ նշանակություն չունեն:
«Դա ապացուցելու համար բավական է հիշել Հայաստանի՝ Ալմա-Աթայի հռչակագրին միանալու գործընթացը և այդ համաձայնագիրը կոպտորեն խախտելու փաստը: Հայաստանի կողմից հաճախ հիշատակվող Ալմա-Աթայի հռչակագրին միանալիս ներկայացված պայմանները, ինչպես նաև Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու դեմ ուղղված գործող օրենսդրական ակտերի առկայությունը բոլորին հայտնի են»,- ասել է նա:
Հաջիզադեն նշել է, թե ոչ միայն սահմանադրությունը, այլև Հայաստանի զինանշանը ևս տարածքային պահանջներ են պարունակում հարևան երկրների նկատմամբ:
«Ավելին, 1991թ․ սահմանների և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության մասին խոսող Հայաստանը պետք է բացատրություն տա, թե ինչու վերջին մոտ 35 տարվա ընթացքում չի պահպանել այդ քարտեզներն ու համաձայնագրերը և հրաժարվել է ընդունել խորհրդային քարտեզներում արտացոլված սահմանները»․ ասել է նա:
Նա կրկնել է սահմանադրությունը փոխելու՝ ադրբեջանական կողմի պահանջը, ասելով. «Ադրբեջանի ազգային անվտանգության համար ուղղակի սպառնալիք հանդիսացող սահմանադրության փոփոխությունը խաղաղության հիմնական պայմանն է, և դա պահանջելը Ադրբեջանի օրինական իրավունքն է»։