Միջազգային

Գլխուղեղային մահ տարած կնոջը հրաժարվում են աբորտ անել

ԱՄՆ Ջորջիա նահանգում հղի մի կին, ում մոտ բժշկական արտակարգ իրավիճակի հետևանքով արձանագրվել է գլխուղեղի մահ, արդեն երեք ամիս պահվում է կենսապահովման սարքերին միացված՝ պտղի բնականոն զարգացումը մինչև ծննդաբերություն ապահովելու նպատակով։ Նրա ընտանիքի տեղեկացմամբ՝ հիվանդանոցն արձանագրել է, որ նման որոշումը պահանջվում է նահանգի օրենսդրությամբ։

Քանի որ ծննդաբերության նախնական ժամկետը դեռ երեք ամիս հեռու է, այս դեպքը կարող է համարվել նմանատիպ ամենաերկար դեպքերից մեկը։ Ընտանիքի անդամները վրդովմունք են հայտնել՝ նշելով, որ Ջորջիայի օրենքը, որն արգելում է հղիության ընդհատումը պտղի սրտի զարկերը հայտնաբերելուց հետո, չի տալիս իրավական հնարավորություն՝ որոշում կայացնելու գլխուղեղային մահ ունեցող հղիի կենսապահովման շարունակման կամ դադարեցման վերաբերյալ։

Հաղորդվում է, որ 30-ամյա Ադրիանա Սմիթն այս պահին 21 շաբաթական հղի է։ Բժիշկների կարծիքով՝ շնչառական խողովակների և կենսապահովման սարքերի անջատումը, ամենայն հավանականությամբ, կբերի պտղի մահվան։

Նորթսայդ հիվանդանոցը հրաժարվել է մեկնաբանություններ տալ, սակայն հաստատության տարածած հաղորդագրության մեջ նշվել է. «Մեր առաջնային նպատակներն են մեր հիվանդների անվտանգությունն ու բարեկեցությունը»։