Ռուսները համացանցում կեղծիք են տարածել, թե իբր Թուրքիայում Ուկրաինայի հետ բանակցությունները սկսելու ժամ է նախատեսված եղել։ Սակայն այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
Մայիսի 15-ի առավոտյան ռուսական որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե իբր Ուկրաինայի և ՌԴ-ի բանակցությունները Ստամբուլում կսկսվեն ժամը 10:00-ին։ Նա, սակայն, նշում է, որ դա ֆեյք է, և նման ժամ նախատեսված չի եղել։
«Ռուսները լրատվամիջոցներում ստեր են տարածում Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ին «Թուրքիայում բանակցությունների մեկնարկի» մասին։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Նման ժամ նախատեսված չէր», – նշել է Կովալենկոն։
Նա չի բացառել, որ ռուսները ցանկանում են շահարկել բանակցությունների թեման, քանի որ ռուս քարոզիչները նարատիվ են տարածում, թե իբր բանակցությունները պետք են բոլորին, բացի Ուկրաինայից։
Նշենք, որ կրեմլամետ ԶԼՄ-ները հայտնել են, որ ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ի առավոտյան ժամանել է Ստամբուլ։
Հատկանշական է, որ ռուսական «ՌԻԱ»-ն էլ հայտնում է, որ բանակցությունները կսկսվեն ճաշից հետո։