ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեն մասնակցի այսօր Մոսկվայի և Կիևի միջև նախատեսված առաջին ուղիղ բանակցություններին։ Փոխարենը, Կրեմլը բանակցություններին կուղարկի փորձառու տեխնոկրատների կազմած պատվիրակություն։
Պուտինը կիրակի օրը հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով հինգշաբթի օրը Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ՝ «առանց որևէ նախապայմանի»։ Չորեքշաբթի ուշ երեկոյան Կրեմլը հրապարակեց պատվիրակության կազմը, որի մեջ ընդգրկված են նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Սակայն Պուտինի անունը բացակայում էր այդ ցուցակից։
Կրեմլի հայտարարությունից հետո ամերիկյան մի պաշտոնյա հայտնել է, որ Թրամփը, որը գտնվում է Մերձավոր Արևելքի երեք երկրներով շրջագայության մեջ, չի մասնակցի բանակցություններին։ Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ քննարկում է մասնակցության հնարավորությունը։
Թեև Պուտինը երբևէ չէր հաստատել իր մասնակցությունը, ինչպես նրա, այնպես էլ Թրամփի բացակայությունը նվազեցնում է Ուկրաինայում 2022 թվականի փետրվարին սկսված պատերազմի կարգավորման ուղղությամբ հնարավոր առաջընթացի սպասումները․ գրում է Reuters-ը։