Ռուսական «Ведомости»-ին գրում է, որ 2022–2023 թթ. Հայաստանը Հնդկաստանի հետ ստորագրել է ավելի քան 1,5 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական պայմանագրեր։ Այդ ընթացքում ձեռք են բերվել Pinaka համազարկային կրակի համակարգեր, ATAGS հաուբիցներ, ZADS հակադրոնային համակարգեր, Akash-1S և Akash-NG ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև հակատանկային «Կոնկուրս» հրթիռային համալիրներ։
Ֆրանսիայի հետ 2023–2024 թթ. Հայաստանը կնքել է $250 միլիոն արժողությամբ պայմանագրեր՝ ներառյալ GroundMaster 200 ռադարներ, Mistral 3 դյուրակիր ՀՕՊ համալիրներ և Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ։
Ի տարբերություն այս ակտիվության, Ռուսաստանի հետ վերջին խոշոր ռազմական գործարքը ($400 մլն) ստորագրվել է դեռևս 2021-ին, սակայն չի իրականացվել ամբողջությամբ։ 2011–2020 թթ. Հայաստանին մատակարարվող զենքի 94%-ը եղել է ռուսական, մինչդեռ 2024-ին այդ ցուցանիշը նվազել է մինչև 10%։ ՌԴ-Ուկրաինա պատերազմի պատճառով մատակարարման խնդիրներն են դիտվում որպես հիմնական պատճառ։
Բացի այդ, ըստ IRI հարցման, 2023-ին ռուսական պետության ընկալումը Հայաստանում փոխվել է. այն համարվում է «քաղաքական սպառնալիք»՝ Ադրբեջանից և Թուրքիայից հետո 3-րդը։ ԵԱՏՄ-ի դերի նվազման ֆոնին Հայաստանը հունվարին ԱՄՆ-ի հետ կնքեց ռազմավարական համագործակցության խարտիա, իսկ փետրվարին սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը։
Չնայած արտաքին քաղաքական այս վերադասավորումներին, Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը՝ 2024-ին կազմելով երկրի արտաքին առևտրի 41%-ը ($12,4 մլրդ)։ Տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է վերարտահանմամբ։ Գյումրիում տեղակայված ռուսական բազան, տեխնիկական սպասարկման կախվածությունն ու ՀԱՊԿ ստանդարտները դեռ պահպանում են Ռուսաստանի կապը հայկական բանակի հետ։
Փորձագետների խոսքով՝ Հայաստանը փորձում է նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, սակայն չի պատրաստվում ամբողջությամբ խզել ռազմական համագործակցությունը։
