Միջազգային

«Ֆրանսիան առաջարկում է խաղաղապահ զորքեր տեղակայել ճակատային գծից հեռու». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կշարունակի աջակցել Ուկրաինային նույնիսկ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո։ Մայիսի 13-ին TF1 հեռուստաալիքի եթերում նա ընդգծել է, որ ուկրաինական բանակը պետք է դառնա Կիևի անվտանգության հիմնական երաշխավորը։

Մակրոնը նաև նշել է, որ եթե Ուկրաինան չի միանում ՆԱՏՕ-ին, ապա Ֆրանսիան պատրաստ է միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել ճակատային գծից հեռու՝ անվտանգության լրացուցիչ ապահովման նպատակով։

Նա նաև նշել է, որ ուկրաինացիները գիտակցում են՝ չեն կարող վերադարձնել բոլոր տարածքները, որոնք Ռուսաստանը գրավել է 2014-ից ի վեր, և պատերազմը պետք է ավարտվի բանակցություններով։

«Եվ նույնիսկ իրենք՝ ուկրաինացիները, բավական հեռատես են՝ ասելու, որ նրանք չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ Ռուսաստանը խլել է իրենցից 2014 թվականից», - ընդգծել է Մակրոնը։

Նա հավելել է, որ այժմ պետք չէ փոխանցել Ռուսաստանից սառեցված ակտիվները Ուկրաինային, քանի որ չկա իրավական հիմք, բայց պատերազմի ավարտից հետո դրանք պետք է օգտագործվեն վերականգնման համար։

Եթե Ռուսաստանը չհամաձայնվի ուկրաինական և արևմտյան երկրներից հնչած 30-օրյա հրադադարի պահանջին, Ֆրանսիան պատրաստ է սահմանել նոր՝ առավել խիստ պատժամիջոցներ, այդ թվում՝ երկրորդային սահմանափակումներ այն բանկերի նկատմամբ, որոնք օգնում են շրջանցել գործող պատժամիջոցները։ Տնտեսական ճնշումները կուժեղանան նաև ռուսական նավթային հատվածի նկատմամբ։