Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինայից անմաքս ներմուծման քվոտաները կտրուկ կկրճատի

ԵՄ-ը պատրաստվում է հունիսի 6-ից Ուկրաինայից ներմուծման վրա ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել, հայտնում է Financial Times-ը։

Հրատարակության տվյալներով՝ Լեհաստանը կարևոր դեր է խաղացել այս որոշման կայացման գործում՝ ֆերմերների զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին ձգտելով պաշտպանել եվրոպական գյուղատնտեսական ոլորտը ուկրաինական արտադրանքի մրցակցությունից։

ԵՄ առաջարկը նախատեսում է եգիպտացորենի անմաքս քվոտաների կտրուկ կրճատում՝ 4,7 միլիոն տոննայից մինչև 650 հազար, թռչնամսի՝ 57,1 հազարից մինչև 40 հազար, իսկ շաքարի՝ 109 հազարից մինչև 40,7 հազար տոննա։

Նախկինում ԵՄ-ի և Ուկրաինայի միջև կնքվել էր ազատ առևտրի համաձայնագիր, իսկ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժումից հետո չեղարկվել էին նաև այլ մաքսատուրքեր, սակայն դրանց վավերականության ժամկետը լրանում է հունիսի 6-ին։ ԵՄ-ը նախատեսում է գործող մաքսատուրքերը փոխարինել «անցումային» մաքսատուրքերով, մինչ կողմերը աշխատում են առևտրային համաձայնագրի թարմացման ուղղությամբ։