89 տարեկան հասակում մահացել է Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան։
Նա հայտնի էր իր համեստ կենսակերպով և հաճախ բնորոշվում էր որպես «աշխարհի ամենաաղքատ նախագահ»։
«Խոր վշտով տեղեկացնում ենք մեր ընկեր Պեպե Մուխիկայի մահվան մասին», — հայտնել է Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին X սոցիալական ցանցում։
Ըստ Օրսիի՝ Մուխիկան ոչ միայն նախագահ էր, այլև ակտիվիստ, օրինակելի քաղաքացի և առաջնորդ. «Նա իր կյանքով ուսուցանում էր, թե ինչ է նշանակում ծառայել ժողովրդին»։
Խոսե Մուխիկան ծնվել է 1935 թվականի մայիսի 20-ին Մոնտեվիդեոյում։ 2009 թվականին ընտրվել է Ուրուգվայի նախագահ և պաշտոնավարել մինչև 2015 թվականը։
Երիտասարդ տարիներին՝ 1960-70-ական թվականներին, Մուխիկան մասնակցել է «Տուպամարոս» ձախակողմյան ռադիկալ շարժման գործունեությանը, որն ազդված էր Կուբայի հեղափոխությունից և իշխանությունների դեմ պայքարում էր պարտիզանական մեթոդներով։
Նա վեց անգամ վիրավորվել է և ընդհանուր առմամբ 14 տարի անցկացրել բանտում, այդ թվում՝ երկար տարիներ մենախցում։ Ազատ է արձակվել 1985 թվականին՝ Ուրուգվայում ժողովրդավարության վերականգնումից հետո։
2024 թվականի հունվարին Մուխիկան հրապարակայնորեն հայտնել էր, որ իրեն ախտորոշվել է կերակրափողի քաղցկեղ, որն արդեն տարածվել է այլ օրգաններ։ Նա հայտարարել էր, որ հրաժարվում է բուժումից և հրաժեշտ տվել էր իր ժողովրդին։
Մուխիկան մահացել է 90-ամյակը նշելուց ընդամենը օրեր առաջ։