Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ծոցի երկրներ կատարած իր այցի ընթացքում հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Միացյալ Նահանգները վերացնում է Սիրիայի նկատմամբ կիրառվող երկարամյա պատժամիջոցները։ Բացի այդ Սաուդյան Արաբիան պարտավորվել է ԱՄՆ-ում ներդնել 600 միլիարդ դոլար։
ԱՄՆ-ը նաև համաձայնել է Սաուդյան Արաբիային վաճառել շուրջ 142 միլիարդ դոլարի զենք, որը, Սպիտակ տան հաղորդմամբ, համարվում է Վաշինգտոնի երբևէ կնքած «ամենամեծ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը»։
Ռիադում անցկացված ներդրումային ֆորումի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցները վերացնելու որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար, արքայազն Մոհամմեդ բին Սալմանի խնդրանքով։
«Օ՜, ինչ միայն չեմ անում արքայազնի համար»,– նշել է Թրամփը։ Նա ընդգծել է, որ պատժամիջոցներն իրենց նշանակալի դերն ունեցել են, սակայն այժմ ժամանակն է, որ Սիրիան առաջ շարժվի։
Թրամփը և արքայազն Մոհամմեդ բին Սալմանը ստորագրել են համատեղ համաձայնագիր, որն ընդգրկում է էներգետիկայի, պաշտպանության, հանքարդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ։ Թրամփը ձգտում է խորացնել հարաբերությունները սաուդյան կողմի հետ՝ տարածաշրջանում Իսրայելի հետ համագործակցությունը զարգացնելու և Իրանի ազդեցությանը հակակշիռ ստեղծելու նպատակով։
Ըստ Սպիտակ տան տեղեկագրի՝ համաձայնագրում ներառված են գործարքներ ԱՄՆ-ի տասնյակ պաշտպանական ընկերությունների հետ՝ օդային և հականհրթիռային պաշտպանություն, ռազմաօդային ուժեր, տիեզերք, ծովային անվտանգություն և կապի համակարգեր ոլորտներում։