Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին։
Երբ լրագրողը հարցրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու ցանկության մասին հայտարարությունը մեկնաբանելու մասին, Պեսկովը պատասխանել է․
«Մենք գնահատում ենք միայն նախագահ Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին»։
Պեսկովը նաև պարզաբանել է, որ ռուսական պատվիրակության կազմը կհրապարակվի, երբ նախագահի կողմից համապատասխան հանձնարարականներ լինեն։