Միջազգային

Լայնածավալ զինված բախումներ՝ Լիբիայի մայրաքաղաքում

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գիշերը տեղի են ունեցել լայնածավալ զինված բախումներ տարբեր զինված խմբավորումների միջև։

Հակամարտությունը սկսվել է 444-րդ բրիգադի զինյալների և Կայունության աջակցության գործակալության (SSA) միջեւ։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բախումների սրացման պատճառը դարձել է SSA-ի ղեկավար Աբդել Գանի ալ-Քիքլիի սպանությունը։ Դրանից հետո քաղաքի մի շարք թաղամասերում բռնկվել են ուժեղ մարտեր՝ ուղեկցվելով ծանր զինտեխնիկայի եւ զինամթերքի կիրառմամբ։

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության պաշտպանության նախարարությունը հայտնել է կարճաժամկետ ռազմական գործողության մասին, որի արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրների, իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։

Ըստ Al Jazеera-ի՝ նախնական տվյալներով՝ առնվազն վեց մարդ վիրավորվել է, սակայն դեռ պարզ չէ՝ նրանք պատկանել են անվտանգության կառույցներին, թե եղել են քաղաքացիական անձինք։

Իշխանությունները Տրիպոլիում պարետային ժամ են սահմանել՝ քաղաքացիներին կոչ անելով խուսափել փողոց դուրս գալուց։

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է արել անհապաղ նվազեցնել լարվածությունը։