Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության խորհուրդը Ռուսաստանին պատասխանատու է ճանաչել 2014 թվականի հուլիսին Դոնբասի երկնքում Malaysia Airlines-ի Boeing 777 ինքնաթիռի խոցման համար։ Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր MH17 չվերթի աղետի հետևանքով զոհվել է 298 մարդ։
ICAO-ի գնահատմամբ՝ Ռուսաստանը խախտել է Քաղաքացիական ավիացիայի մասին միջազգային կոնվենցիան։ Փոխհատուցումների հարցը կազմակերպության խորհուրդը կքննարկի հաջորդ փուլում։
Այս գործը ICAO-ին ներկայացրել են Ավստրալիայի և Նիդերլանդների կառավարությունները 2022 թվականին։
Ինքնաթիռի ուղևորների մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ էին։ Ուղևորների թվում կային նաև 38 ավստրալացի, 10 բրիտանացի, ինչպես նաև Մալայզիայի և Բելգիայի քաղաքացիներ։
«Կոչ ենք անում Ռուսաստանին վերջապես ընդունել իր պատասխանատվությունը այս սարսափելի բռնության համար և փոխհատուցել պատճառված վնասը՝ իր ակնհայտ սխալ վարքագծի հետևանքով»,– հայտարարել է Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը։
Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը նշել է. «ICAO-ի այս որոշումը հստակ ազդանշան է միջազգային հանրությանը, որ պետությունները չեն կարող անպատիժ խախտել միջազգային իրավունքը»։