Միջազգային

«Ձեր լռությունը պարադոքսալ է թվում». Կոբախիձեն՝ Թրամփին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին: Դրանում նա, մասնավորապես, հույս է հայտնում «Deep State»-ի դեմ Թրամփի վարչակազմի «անկեղծ պայքարի» և վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման մասին։ 

«Այդ նամակին նախորդել են իմ հրապարակային հայտարարությունները, որոնցում ես բացահայտորեն հայտնել եմ Վրաստանի պատրաստակամությունը՝ մաքուր էջից և կոնկրետ «ճանապարհային քարտեզի» հիման վրա սկսել ԱՄՆ-ի հետ նորացված ռազմավարական գործընկերությունը։  Սակայն մինչ օրս մենք պատասխան չենք ստացել ոչ այդ նամակի, ոչ էլ նշված հայտարարությունների վերաբերյալ», - նշել է Կոբախիձեն։ 

Լռությունը, պնդում է քաղաքական գործիչը, «տարակուսանք է առաջացնում վրաց ժողովրդի և իշխանությունների մոտ» մի քանի պատճառներով։  

«Վրաստանն աջակցել է ԱՄՆ-ին ամենաթեժ կետերում, ներառյալ՝ Իրաքը և Աֆղանստանը, այնտեղ ուղարկելով բնակչության մեկ շնչի հաշվով ամենամեծ թվով զորք։ Միայն այս երկու առաքելություններին մասնակցելը թույլ տվեց ԱՄՆ բյուջեին խնայել 2,5 միլիարդ դոլար՝ մի գումար, որը մի քանի անգամ գերազանցում է մեր երկրին ցուցաբերված օգնությանը։

Այս համատեքստում Վրաստանի հանդեպ ձեր լռությունը հատկապես պարադոքսալ է թվում, հատկապես հաշվի առնելով ակտիվ երկխոսությունը մի շարք բացահայտ ոչ ժողովրդավարական պետությունների հետ», - հավելել է նա: