Միջազգային

Արգենտինայում նացիստական ռեժիմի հետ կապված փաստաթղթեր են հայտնաբերվել

Արգենտինայի Գերագույն դատարանը իր արխիվներում հայտնաբերել է նացիստական Գերմանիայի հետ առնչվող փաստաթղթեր, այդ թվում՝ քարոզչական նյութեր, որոնք օգտագործվել են Ադոլֆ Հիտլերի գաղափարախոսության տարածման նպատակով. կիրակի օրը հայտնել է դատարանի ներկայացուցիչը՝ փոխանցելով տեղեկությունը Associated Press գործակալությանը։

Նրա խոսքով՝ փաստաթղթերը հայտնաբերվել են պատմական նյութերի թանգարան ստեղծելու նախապատրաստական աշխատանքների ընթացքում։ 

Հայտնաբերված նյութերի թվում կան բացիկներ, լուսանկարներ և նացիստական քարոզչական այլ տարրեր։ Դրանց մի մասի նպատակը, պաշտոնյայի վկայությամբ, եղել է «Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Արգենտինայում Ադոլֆ Հիտլերի գաղափարախոսության ամրապնդումն ու տարածումը»։

Ըստ նախնական վարկածի՝ հայտնաբերված տուփերը, հնարավոր է, կապ ունեն 1941 թվականի հունիսի 20-ին Բուենոս Այրես ժամանած 83 փաթեթների հետ, որոնք ուղարկվել էին Տոկիոյում գտնվող Գերմանիայի դեսպանատնից ճապոնական Nan-a-Maru շոգենավով։ Այդ ժամանակ Արգենտինայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը պահանջել էր ազատել բեռները՝ պնդելով, թե դրանք անձնական իրեր են, սակայն մաքսային և նավահանգստային ծառայությունները պահել էին դրանք։

Գերագույն դատարանի նախագահ Օրասիո Ռոսատին արդեն հանձնարարել է պահպանել նյութերը և անցկացնել դրանց մանրակրկիտ ուսումնասիրություն։