Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է երկրում միգրացիոն համակարգի խիստ բարեփոխումների մասին՝ նպատակ ունենալով նվազեցնել երկիր ժամանող միգրանտների քանակը։ Վերջին տարիներին միգրացիան հասել է ռեկորդային՝ տարեկան ավելի քան 700 հազար մարդու։
Հասարակության շրջանում աճում է դժգոհությունը միգրացիայի ազդեցության պատճառով, ներառյալ՝ բնակարանային ճգնաժամը, պետական առողջապահական համակարգի (NHS) գերբեռնվածությունը և դպրոցներում տեղերի սակավությունը։
Հասարակական տրամադրությունների փոփոխությունը զգալի է դարձրել միգրացիայի դեմ հանդես եկող Reform UK կուսակցությունը, որը վերջին տեղական ընտրություններում զգալի առաջընթաց է գրանցել՝ գրավելով նախկինում լեյբորիստների կամ պահպանողականների կողմնակից շատ ընտրողների։
Ինչ փոփոխություններ են սպասվում
- Ըստ ներկայացված նախագծերի՝ կառավարությունը մտադիր է իրականացնել մի շարք խստացումներ միգրացիոն քաղաքականության մեջ.
- Բարձրացվելու է մշտական բնակություն ստանալու ժամկետը՝ ներկայիս 5 տարուց մինչև 10 տարի։
- Խստացվելու են անգլերենի իմացության պահանջները, հատկապես՝ մուտքի և քաղաքացինություն ստանալու փուլերում։
- Արձանագրվելու է բարձր աշխատավարձի նվազագույն շեմ օտարերկրյա աշխատողների համար, ինչպես նաև խստացվելու է աշխատանքային վիզայի ստացման մասնագիտական որակավորման պահանջը։
- Կրճատվել է այն ժամանակահատվածը, որի համար օտարերկրյա շրջանավարտները կկարողանան ուսումն ավարտելուց հետո մնալ երկրում, այն դարձել է 18 ամիս (ներկայիս երկու-երեք տարվա համեմատ):
- Ֆինանսական տույժեր կկիրառվեն այն գործատուների և բուհերի նկատմամբ, որոնք խախտում են միգրացիոն կանոնները։
Այս առաջարկները դեռ պետք է հաստատվեն խորհրդարանի կողմից, սակայն լեյբորիստներն ունեն կայուն մեծամասնություն, ինչը նրանց հնարավորություն է տալիս օրենքները արագ անցկացնել։