Միջազգային

Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի չարաշահումը լուրջ հետևանքներ կունենա․ Արաղչի

Ֆրանսիական Le Point թերթին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է զերծ մնալ եվրոպական երկրներին Գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շրջանակներում արագ վերադարձի մեխանիզմը ակտիվացնելու փորձերից՝ ընդգծելով, որ նման քայլերը լուրջ հետևանքներ կունենան։

Նրա խոսքով՝ Թեհրանը հստակ հայտնել է իր դիրքորոշումն այս հարցում։

«Մենք պաշտոնապես ծանուցել ենք ՀԳՀԾ-ի՝ բոլոր մասնակիցներին, որ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի չարաշահումը կհանգեցնի հետևանքների, այդ թվում՝ Եվրոպայի դե ֆակտո դուրսմղմանը միջուկային համաձայնագրի իրականացման գործընթացից»,- նշել է նա։

Արաղչին հիշեցրել է, որ չնայած անցյալի դժվարություններին, Իրանը բազմիցս կոչ է արել վերսկսել բովանդակալից երկխոսությունը Եվրոպայի հետ: Նա, մասնավորապես, մատնանշել է անցյալ տարվա աշնանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ առաջ քաշված նախաձեռնությունը՝ առաջարկելով երկխոսություն սկսել ոչ միայն միջուկային խնդրի, այլ նաև այլ հարցերի շուրջ։

Այս առաջարկները, նրա խոսքով, «մնացին առանց արձագանքի և առանց Եվրոպայի կողմից աջակցության»:

«Այն, թե մենք ինչպես կգործենք այս վճռորոշ պահին, կորոշի Իրանի և Եվրոպայի հարաբերությունների ապագան ավելի շատ, քան շատերը կարող են պատկերացնել: Իրանը պատրաստ է նոր փուլ սկսել: Հուսով ենք, որ մեր եվրոպացի գործընկերները նույնպես պատրաստ են դրան»,- ամփոփել է Արաղչին: