Մայիսի 8-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Դարանի 8 շենքի բակում վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Նշված շենքի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, քարեր, որոնց վրա նույնպես առկա էր արյուն, վթարված Toyota Camry մակնիշի ավտոմեքենա:
Մինչ ոստիկաններն ու պարեկները սահմանազատում էին տարածքը, Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Subaru մակնիշի ավտոմեքենայով վիրավորի են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Քրեական և համայնքային ոստիկանների մի խումբ ժամանել է հիվանդանոց և բակում հայտնաբերել Subaru մակնիշի ավտոմեքենա՝ վրան առկա արնանման հետքեր, առջևի աջակողմյան «շթի» հատվածն էլ վնասված և դիմապակին ճաքած:
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Subaru-ի վարորդը, որին դանակահարել են, նա էլ նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն դանակահարածին: Այդ տեղեկությունը քրեական և համայնքային ոստիկանները պարզում են: Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են վիրավորի ինքնությունը: