Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին՝ տեղեկացնելով Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյունների սպառնալիքի մասին:
Նշված են հետևյալ վայրերը՝
- East Point առևտրի կենտրոն, Ալեքսանդր Թվալչրելիձե փողոց
- Galleria Tbilisi, Ռուսթավելի պողոտա
- Tbilisi Shopping Area, Աղմաշենեբելի ծառուղի 16 հասցե
Առավել մանրամասներ չեն հաղորդվում։
Դեսպանատան տարածաշրջանային անվտանգության գրասենյակը բոլոր աշխատակիցներին խորհուրդ է տվել խուսափել նշված վայրերից մինչև հետագա ծանուցումը։
Վրաստանի ՆԳՆ-ն և Պետական անվտանգության ծառայությունը դեռևս չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը։
Սա ԱՄՆ դեսպանատան երկրորդ նախազգուշացումն է այս տարվա ընթացքում։ Ավելի վաղ՝ փետրվարին, դեսպանատունը նախազգուշացրել էր, որ Վրաստանում ընդունվել են օրենքներ, որոնք կարող են սահմանափակել այն գործողությունները, որոնք ԱՄՆ-ում համարվում են ազատ արտահայտվելու իրավունք։ Խոսքը վերաբերում էր Վրաստանի ժողովների և ցույցերի, ինչպես նաև քրեական և վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններին։