Միջազգային

Կոնկլավին նախորդող մթնոլորտը լարված է եղել

Վատիկանում ավարտվել է Կոնկլավին մասնակից կարդինալների առավոտյան պատարագը։ Այն ավարտվել է Սբ. Մարիամին ուղղված վերջին աղոթքով, որից հետո կարդինալները լքել են տաճարը:

Այժմ կարդինալները վայելում են վերջին երկարատև ընդմիջումը՝ ճաշելու և խորհելու համար։ Իսկ արդեն ավելի ուշ Սիկստինյան կապելլայում հավաքվելու են՝ սկսելու կոնկլավը և ընտրելու Հռոմի նոր Պապին։

Կարդինալների կոլեգիայի դեկան Ջովանի Բատիստա Ռեի խոսքերը, հավանաբար, զգալի ազդեցություն կունենան կարդինալների վրա: Իր քարոզի ժամանակ Ռեն, որը տարիքի պատճառով քվեարկելու իրավունք չունի, Ֆրանցիսկոսի ոգով կոչ է արել գնահատել եկեղեցու բազմատարրությունը․

«Եկեղեցու միասնությունը հաստատվել է Քրիստոսի կողմից. միասնություն, որը չի նշանակում միատեսակություն, այլ ամուր և խորը համայնք՝ բազմազանության մեջ, պայմանով, որ պահպանվի Ավետարանին լիակատար հավատարմությունը», - ասել է կարդինալ Ռեն:

Կոնկլավին նախորդող մթնոլորտը լարված է եղել: Որոշ խմբեր, որոնք ցանկանում են Ֆրանցիսկոսից տարբերվող Պապ տեսնել, տարածել են փաստաթղթեր և տեղեկություններ՝ առաջ մղելով որոշ թեկնածուների: Սակայն կարծիք կա, որ սա կարող է չազդել կարդինալների վրա։

Նրանք արդեն հանձնել են իրենց էլեկտրոնային սարքերը։