ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Fox News-ի եթերում ներկայացրել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ժամանակավոր ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը, որը կվերահսկվի երկու կողմերի կողմից: Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է նման գոտու ստեղծմանը:
«Նրանք պատրաստ են որոշակի ժամանակով ստեղծել ապառազմականացված գոտի: Նրանք ասել են՝ մենք ետ ենք քաշվում 15 կմ, ռուսները՝ ևս 15 կմ: Ստեղծվում է 30 կմ չեզոք գոտի, որը խստորեն վերահսկվում է: Կարելի է հետևել խախտումներին: Եթե 30 օրով հաջողվի պահպանել հաշտությունը, ես հավատում եմ, որ այն կարող է երկարաձգվել: Որպես զինվորական կասեմ՝ դժվար է վերսկսել պատերազմը հաշտությունից հետո: Չեմ կարծում, որ նրանք կրկին կսկսեն կռվել», - ասել է Քելլոգը:
Ավելի վաղ Քելլոգը հայտնել էր, որ Լոնդոնում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները համաձայնեցրել են 22 «շատ կոնկրետ» գործողությունների ցանկ, որոնք կարող են հիմք հանդիսանալ պատերազմի կարգավորման հետագա պայմանավորվածությունների համար: