Իտալական «Ինտեր Միլանի» 37-ամյա պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հերոս՝ «Բարսելոնայի» դեմ խաղում 93-րդ րոպեին խփելով դրամատիկ գոլ, որը հաշիվը դարձրեց ոչ-ոքի և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Թեև Դավիդե Ֆրատտեզին խփեց հաղթական գոլը՝ «Ինտերին» դուրս բերելով եզրափակիչ, Աչերբիի հարձակվողի վարպետությամբ խփած գոլը դարձավ այս անհավանական երկու խաղերի խորհրդանիշ:
Աչերբին ծնվել է 1988 թվականին՝ Միլանի արվարձանում, նա իր կարիերայի ընթացքում հաղթահարել է բազմաթիվ մարտահրավերներ՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Նրա ճանապարհը դեպի «Սան Սիրո»՝ այն վայրը, որտեղ նա խփեց այս պատմական գոլը, լի է եղել դժվարություններով՝ քաղցկեղ, դեպրեսիա և ալկոհոլիզմ:
Ֆուտբոլային ճանապարհ
Աչերբին իր կարիերան սկսել է 2006 թվականին՝ սերիա C-ի «Պավիա» ակումբում, այնուհետև խաղացել է սերիա D-ում՝ «Ռենատե» ակումբում: Նա անցել է բազմաթիվ ակումբներով՝ «Սպեցիա», «Ռեջինա», «Ջենոա», «Կիևո», որտեղ էլ կայացել է նրա դեբյուտը բարձրագույն խմբում: 2012 թվականին նրան ձեռք բերեց «Միլանը», սակայն վեց ամիս անց նա վերադարձավ «Ջենոա» և կրկին վարձավճարով խաղաց «Կիևոյում»:
Կայունություն Աչերբին գտավ միայն 2013 թվականին՝ «Սասուոլոյում», որտեղ անցկացրեց հինգ մրցաշրջան: Այնուհետև նա չորս տարի խաղաց «Լացիոյում», իսկ 2022 թվականին վարձավճարով միացավ «Ինտերին»: Հաջորդ ամռանը տրանսֆերը դարձավ մշտական: Ընդհանուր առմամբ, նա 14 անգամ փոխել է ակումբային գրանցումը:
Անձնական պայքար
Աչերբիի կյանքի ամենամեծ մարտահրավերները կապված են եղել առողջության հետ: «Միլանում» խաղալու ընթացքում նրա հայրը մահացավ, ինչը հանգեցրեց դեպրեսիայի և ալկոհոլից կախվածության: 2013 թվականին «Սասուոլո» տեղափոխվելուց հետո նրա մոտ ախտորոշվեց ամորձու քաղցկեղ: Վիրահատությունից հետո նա վերադարձավ խաղադաշտ, սակայն հակադոպինգային թեստը ցույց տվեց անոմալիաներ՝ կապված քաղցկեղի վերադարձի հետ: 2014 թվականի սկզբին նա անցավ քիմիաթերապիա:
Աչերբին 2019 թվականին La Repubblica-ին խոստովանել է, որ քաղցկեղը «փրկել» է իրեն դեպրեսիայից և ալկոհոլիզմից: «Դա ինձ ստիպեց նորից սկսել կյանքը, մոռանալ վախերը և կենտրոնանալ պարզ նպատակների վրա», - ասել է նա:
Միջազգային կարիերա
Հաշվի առնելով իր առողջական խնդիրները, զարմանալի է, որ Աչերբին նույն տարում, երբ անցնում էր քիմիաթերապիա, դեբյուտ իրականացրեց Իտալիայի հավաքականի կազմում: 2020 թվականին նա դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ մասնակցելով Ավստրիայի դեմ խաղին: Ընդհանուր առմամբ, նա անցկացրել է 34 հանդիպում, սակայն 2024 թվականին նա դուրս մնաց հավաքականից՝ Նապոլիի խաղացող Խուան Ժեզուսի հասցեին ռասիստական մեկնաբանությունների մեղադրանքների պատճառով: Դատարանը գործը փակեց ապացույցների բացակայության պատճառով:
«Բարսելոնայի» դեմ հերոսություն
«Բարսելոնայի» դեմ խաղում Աչերբին, խաղալով պաշտպանությունում գոլի հեղինակ դարձավ հարձակման գծում, 66 խաղերից հետո խփեց իր առաջին գոլը եվրոպական մրցաշարերում: Նրա աջ ոտքով խփած գոլը, չնայած ձախլիկ լինելուն, ցնցեց բոլորին: Գոլից հետո նա հանեց մարզաշապիկը՝ ցույց տալով իր դաջվածքներով ծածկված մարմինը և խելագար ուրախությամբ նշեց այդ պահը:
Այժմ Աչերբիին մեկ խաղ է բաժանում «Ինտերի» համար Չեմպիոնների լիգայի գավաթը բերելու երազանքից: Նրա պատմությունը՝ լի պայքարով և հաղթանակներով, ոգեշնչում է բոլորին:
