Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը պայմանավորվել են այս շաբաթ Սիի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում վերստին քննարկել «Սիբիրի ուժ-2» գազատարի կառուցման հարցը, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Չինաստանի իշխանությունները նախկինում պահանջում էին, որ դեռևս չկառուցված «Սիբիրի ուժ-2» գազատարով գազը մատակարարվի Ռուսաստանի ներքին շուկայի գներով: Սակայն ընթացիկ այցի ընթացքում Պեկինը կարող է համաձայնել բանակցություններ սկսել ավելի բարձր գնի շուրջ՝ ներքին գնի և «Սիբիրի ուժ» գազատարով մատակարարվող գազի համար վճարվող գնի միջև ընկած միջակայքում:
«Սիբիրի ուժ» առաջին գազատարը գործարկվել է 2019 թվականին և 2024 թվականի դեկտեմբերին հասել է իր նախագծային հզորությանը՝ տարեկան 38 միլիարդ խորանարդ մետրի: «Սիբիրի ուժ-2»-ն, ըստ ռուսական հաշվարկների, կկարողանա տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել Յամալի հանքավայրից, որը մինչև 2022 թվականը գազ էր արտահանում Եվրոպա: Ծրագրերի համաձայն՝ գազատարը պետք է անցնի Մոնղոլիայի տարածքով: Այնուամենայնիվ, Bloomberg-ի աղբյուրները նշում են, որ Պեկինը պնդում է Ռուսաստանից Չինաստան ուղիղ երթուղու վրա, ինչպես եղել է առաջին գազատարի դեպքում:
Այս բանակցությունները կարող են էական առաջընթաց ապահովել Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ համագործակցության մեջ՝ հաշվի առնելով Ռուսաստանի ձգտումը՝ դիվերսիֆիկացնել իր գազի արտահանման ուղղությունները: