ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին բացառիկ հարցազրույցն է տվել BBC-ին։
Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանին տարածքներ զիջելու պահանջով Ուկրաինայի վրա Թրամփի վարչակազմի ճնշումը «ժամանակակից հաշտեցման քաղաքականություն» է:
Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինան համարում է Ռուսաստանի մաս, և «յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ նա կդադարի», եթե Ուկրաինան խաղաղության համաձայնագրի շրջանակներում զիջի որոշ տարածքներ, «պարզապես հիմար է»:
Հարցին՝ նա բավարար աջակցություն ցուցաբերե՞լ է Կիևին՝ պատերազմում հաղթելու համար, Բայդենը պատասխանել է. «Մենք նրանց տվել ենք այն ամենն, ինչ անհրաժեշտ էր իրենց անկախությունը պահպանելու համար, և պատրաստ էինք ավելի ագրեսիվ արձագանքել, եթե Պուտինը կրկին գործեր»:
Բայդենը մտահոգություն է հայտնել Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների խզման վերաբերյալ: Նրա խոսքով, դա «կփոխի աշխարհի ժամանակակից պատմությունը». «Եվրոպան կկորցնի վստահությունը Ամերիկայի վճռականության և առաջնորդության նկատմամբ»: Եվրոպական երկրների առաջնորդները, նրա խոսքով, «հարցեր են տալիս՝ ի՞նչ անենք հիմա․ կարո՞ղ ենք ապավինել Միացյալ Նահանգներին, կաջակցե՞ն նրանք մեզ»: