Միջազգային

Կոնկլավից առաջ կարդինալները պատարագի են մասնակցում

Այսօր առավոտյան 133 կարդինալները Վատիկանում մասնակցում են պատարագի, իսկ կեսօրին մեկուսանալու են՝ սկսելու կոնկլավը՝ Հռոմի պապի ընտրությունը։

Իր քարոզի ժամանակ կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն խնդրել է Սուրբ հոգու օգնությունը՝ առաջնորդելու կարդինալներին՝ ընտրել այն Պապին, «որն անհրաժեշտ է եկեղեցուն և մարդկությանը պատմության այս դժվար և բարդ շրջադարձային պահին»:

Նա կոչ է արել կարդինալներին մի կողմ դնել «բոլոր անձնական նկատառումները» և ցուցաբերել սեր՝ «միակ ուժը, որն ի վիճակի է փոխել աշխարհը»:

Ռեն աղոթել է, որ ընտրվի այնպիսի Պապ, որը կծառայի «եկեղեցու և մարդկության բարօրությանը»:

Կարդինալի քարոզը համարվում է ուղեցույց կոնկլավին մասնակցող 133 կարդինալների համար։

Ջովանի Բատիստա Ռեն նույն իտալացի կարդինալն է, որը վարել է Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության պատարագը։

Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Պապի պաշտոնական թեկնածուներ չկան, սակայն որոշ կարդինալներ համարվում են «պապաբիլե»՝ ունեն Պապ դառնալու համար անհրաժեշտ հատկանիշները: Հավանական թեկնածուներից են Պետրո Պարոլինը, որը կղեկավարի կոնկլավը, Լուիս Թագլեն, որը հայտնի է որպես «ասիական Ֆրանցիսկոս», Ֆրիդոլին Ամբոնգո Բեսունգուն՝ Կոնգոյից պահպանողական կարդինալ, և Պիերբատիստա Պիցաբալլան, որը կարող է դառնալ տասնամյակների ընթացքում առաջին իտալացի Պապը: