Միջազգային

Հնդկաստանը հրթիռակոծել է Պակիստանը. կան զոհեր

Հնդկաստանը վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներին, ինչի հետևանքով, ըստ Պակիստանի անվտանգության ծառայությունների, զոհվել է առնվազն ութ մարդ։

Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ հրթիռները հարվածել են մի շարք վայրերի՝ վնասելով չորս մզկիթ և մեկ բժշկական կենտրոն։

Հնդկաստանի զինված ուժերը հայտնել են, որ հարվածները եղել են «Սինդուր» անվանումը կրող ռազմական գործողության շրջանակում՝ ուղղված Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Ջամմու և Քաշմիրում տեղակայված զինյալների ենթակառուցվածքների դեմ։

«Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով ահաբեկչական ենթակառուցվածքներին, որոնք օգտագործվում էին Հնդկաստանի տարածքի դեմ ուղղված հարձակումների պլանավորման և իրականացման նպատակով»,– նշվում է Հնդկաստանի պաշտոնական հայտարարությունում։

Միաժամանակ, Հնդկաստանի բանակը տեղեկացրել է, որ Պակիստանի կողմից իրականացված հրետանային հարվածների հետևանքով Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զոհվել են առնվազն երեք խաղաղ բնակիչ։

Դեպքերը հաջորդել են Դելիի մեղադրանքներին այն մասին, թե Իսլամաբադը աջակցել է զինյալներին, որոնք երկու շաբաթ առաջ հարձակվել էին Քաշմիրում գտնվող զբոսաշրջիկների վրա՝ սպանելով 26 մարդ։