Միջազգային

Պուտինն ու Նեթանյահուն փոխանակվել են շնորհավորանքներով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինը և Նեթանյահուն ջերմ շնորհավորանքներ են փոխանակել Մեծ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահը առողջություն և բարեկեցություն է մաղթել Իսրայելում բնակվող վետերաններին։

«Նշվել է երկու երկրների վճռականությունը՝ պաշտպանելու Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին ճշմարտությունը և հակազդելու դրա արդյունքները վերանայելու և պատմությունը կեղծելու փորձերին։

Ընդգծվել է Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի վճռորոշ ներդրումը նացիզմի պարտության գործում։ Պատերազմի հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Հաղթանակի համար, սրբորեն մեծարվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իսրայելում, որտեղ մայիսի 9-ը նույնպես ազգային տոն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ և երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր։