«Ռուսական համայնք» նեոնացիստական շարժման ներկայացուցիչնեը ներխուժել են Լենովոյի շրջանի բնակարաններից մեկը։ Ռուսական որոշ զլմ-ներ և տելեգրամյան ալիքներ հաղորդում են, որ բնակարան ներխուժումից հետո հրդեհ է բռնկվել, որի արդյունքում Հայաստանի քաղաքացի է զոհվել։
Մայիսի 4-ին արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Վսևոլոժսկի Լենինգրադսկայա փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի մասին, ավելի ուշ բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի 37-ամյա քաղաքացու դի, իսկ պատուհանի տակ՝ ծանր վիճակում գտնվող 24-ամյա աղջիկ․ գրում է «Фонтанка»-ն։
Հրատարակության տվյալներով՝ այդ օրը բնակարան են ներխուժել «Ռուսական համայնքի» շարժման ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել է բնակարանի սեփականատերը։
Նրա խոսքով՝ անհայտ անձինք, որոնք ներկայացել են ոստիկաններ, փորձել են ներխուժել բնակարան։ Նրանք կոտրել են դուռը, տուժածի վրա գազ լցրել, ապա էլեկտրաշոկով վնասել նրան։
Բնակարանի տերը պատմել է, որ երբ հասել է դեպքի վայր, սանդուղքի վրա տեսել է «Ռուսական համայնքի» խորհրդանիշով և դիմակներով մեծաթիվ սևազգեստ տղամարդկանց։
Ծայրահեղ աջ շարժման ակտիվիստները «Moika78» հրապարակմանը պատմել են, որ օգնության համար են ժամանել այս հասցե. հարևան բնակարանների բնակիչները ճիչեր են լսել, և իբր բնակարանի սեփականատերն ինքն է դիմել «Ռուսական համայնքին», որպեսզի նեոնացիստներն ուղեկցեն իրեն։ Նրանք պնդել են, որ ՀՀ քաղաքացին մահացել է բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
Հաղորդվում է, որ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով, որը սպանություն չի համարվում։