Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի նոր Պապ ընտրելու կոնկլավի ընթացքում կդադարեցվի հեռախոսային ազդանշանը փոքր քաղաք-պետության տարածքում, սակայն դա չի ազդի Սուրբ Պետրոսի հրապարակի վրա։
Վատիկանի քաղաք-պետության կառավարիչի գրասենյակը հայտնել է, որ «մայիսի 7-ին, ժամը 15:00-ից, Վատիկանի տարածքում կանջատվեն գործող բջջային հեռախոսների համար նախատեսված բոլոր հեռահաղորդակցության ազդանշանների փոխանցման համակարգերը»։
«Ազդանշանը կվերականգնվի Հռոմի Պապի ընտրության մասին հայտարարությունից հետո», - ասվում է հայտարարությունում։
Սակայն, Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին լրագրողներին հայտնել է, որ անջատումը չի ընդգրկի Սուրբ Պետրոսի հրապարակը։ Ապրիլի 21-ին մահացած Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի իրավահաջորդի ընտրության հայտարարությանն սպասելու համար հրապարակում կհավաքվեն հազարավոր հավատացյալներ։
Վաղը Սիքստինյան կապելլայում կհավաքվեն աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 133 կարդինալներ՝ Հռոմի նոր պապ ընտրելու համար։ Նրանք արդեն ժամանել են Վատիկան։
Ընտրությունն անցկացվում է խիստ գաղտնիության պայմաններում, և կարդինալները կոնկլավ մտնելիս պետք է թողնեն իրենց բջջային հեռախոսները. հայտնել է Բրունին։