Միջազգային

Մակրոնը վաղը կհյուրընկալի Ահմեդ ալ-Շարաային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի կհանդիպի Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ՝ վերջինիս առաջին եվրոպական այցի շրջանակում․ հայտնել է Ելիսեյան պալատը։

Նախագահ Մակրոնը «կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիայի կառուցման գործին, որը կհարգի իր հասարակության բոլոր շերտերը»․ նշված է հայտարարության մեջ։

Այս հանդիպումը, ըստ նախագահի աշխատակազմի, Ֆրանսիայի պատմական հանձնառության մի մասն է՝ սատար կանգնելու խաղաղության և ժողովրդավարության ձգտող սիրիացի ժողովրդին։

Մակրոնը դեռ փետրվարին էր հրավեր ուղարկել նորանշանակ առաջնորդին՝ այցելել Ֆրանսիա, այն բանից հետո, երբ իսլամիստների գլխավորած ուժերը նախորդ տարեվերջին տապալեցին երկարամյա նախագահ Բաշար ալ-Ասադին։

Մարտին նա կրկին վերահաստատել էր հրավերը՝ այն պայմանավորելով ընդգրկուն կառավարություն ձևավորելու պարտավորությամբ՝ ընդգծելով, որ առաջին բանակցությունները «դրական» են անցել։