Միջազգային

Ուկրաինական զինուժը փորձել է առաջխաղացում իրականացնել Կուրսկի մարզում

Ռուսական պրոիշխանական ռազմական տելեգրամյան ալիքները հաղորդում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից նոր հարձակման փորձի մասին Ռուսաստանի Կուրսկի մարզի Տյոտկինո գյուղի մերձակայքում, որը սահմանակից է Ուկրաինայի Սումիի մարզին։

Ըստ «Kursk_now» ալիքի հրապարակման՝ մոտ 50 ուկրաինացի զինծառայող փորձել են ճեղքել ռուսական պաշտպանությունը Կուրսկի մարզում։ Միևնույն ժամանակ, մի քանի ռազմական բլոգեր հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերի առաջին հարձակման փորձերը ետ են մղվել։ 

Որոշ ռուս «ռազմական թղթակիցներ» գրում են նաև, որ ուկրաինացիները պայթեցրել են Սեյմ գետի վրայով անցնող կամուրջը Զվանոե գյուղի մոտ։ 

RVvoenkor ալիքը նշում է, որ Գլուշկովսկի շրջանում ականազերծման մեքենաները շարունակում են դաշտերի միջով փորձել բացել ականապատ անցուղիներ, որպեսզի դրանց ետևից առաջ շարժվի զրահապատ տեխնիկա՝ դեսանտային ուժերով։

Ռուսաստանի իշխանություններն ու Ուկրաինայի զինված ուժերը դեռևս չեն մեկնաբանել հարձակման փորձի մասին տեղեկությունները։