ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է երրորդ ժամկետում առաջադրվելու հնարավորությանը։
«Ես կլինեմ ութ տարվա նախագահ, երկուսուկես ժամկետով։ Ես միշտ դա շատ կարևոր եմ համարել»,– ասել է Թրամփը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Նախագահը նշել է, որ «չի մտածում» երրորդ ժամկետի համար առաջադրվելու մասին։
Թրամփը նախկինում խոսել էր երրորդ կամ նույնիսկ չորրորդ ժամկետով պաշտոնավարելու մտադրության մասին և ասել, թե սա «կատակ չէ»։
Սակայն իր հարցազրույցում նա ասել է, թե այդ հայտարարությունները նպատակ ունեին «խաբելու կեղծ լրատվամիջոցներին»: Թրամփը նշել է, որ բազմաթիվ «խնդրանքներ» է ստացել՝ քննարկելու նախագահական պաշտոնում երկրորդ ժամկետի ավարտից հետո մնալու հնարավորությունը:
«Շատ մարդիկ ուզում են, որ դա անեմ։ Բայց դա այն չէ, ինչ ես ուզում եմ անել», – ասել է Թրամփը:
Հարցին, թե ով կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում հաջորդ ընտրություններին Հանրապետական կուսակցությունից, Թրամփը պատասխանել է, որ կա «10-15 մարդ», նրանց շարքում նշելով փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին:
«Ջեյ Դին հիանալի է աշխատում։ Նա հրաշալի է։ Մարկոն նույնպես հիանալի աշխատանք է կատարում», – ասել է Թրամփը: