Երկու օրից կգումարվի Կարդինալների ժողովը՝ Կոնկլավը, որն ընտրելու է Հռոմի պապին։
Ավելի քան 750 տարի շարունակ Կոնկլավին հավաքված կարդինալներին մատուցվող սնունդը ենթարկվում է խիստ կանոնների. գրում է BBC-ն։
Օրինակ, սեղանին դարեր շարունակ արգելված են եղել ռավիոլիներ, սրբիչներ կամ անձեռոցիկներ և ամբողջական հավեր, քանի որ դրանց մեջ հնարավոր է գաղտնի հաղորդագրություն տեղադրել։
Պապական կոնկլավները հայտնի են իրենց գաղտնիությամբ։ Կարդինալները մեկուսացված են և որևէ կապ չունեն արտաքին աշխարհի հետ։ Միակ թույլատրելի ազդանշանը ծուխն է. սպիտակ ծուխը նշանավորում է, որ Պապն ընտրվել է, իսկ սևը՝ որ քվեարկությունը կրկնվելու է, քանի որ անհրաժեշտ ձայների երկու երրորդը չի հավաքվել։
Թե կոնկլավի ներսում ինչ է կատարվում, հայտնի չէ, սակայն մի բան հստակ է՝ կարդինալները պետք է սնվեն այդ օրերին կամ շաբաթներին, մինչև կընտրվի Հռոմի նոր Պապ, որի գլխավորած կաթոլիկ եկեղեցին ունի 1,4 միլիարդ հետևորդ։
Բայց ինչպես ապահովել գաղտնիությունը և բացառել արտաքին ազդեցությունները, երբ կարդինալների համար սնունդ է բերվում, և մնացորդները դուրս են հանվում։
Պատմականորեն, սնունդը պոտենցիալ վտանգ էր ներկայացնում. խոհարարը կարող էր ռավիոլաների մեջ գաղտնի գրություն դնել, կամ կարդինալը կարող էր արտաքին աշխարհ ուղարկել հաղորդագրություն կեղտոտ սրբիչի միջոցով։ Բացի այդ, համատեղ ընթրիքները կարող էին դառնալ գաղտնի բանակցությունների վայր։
1274 թվականին Պապ Գրիգոր X-ի սահմանած կանոնները գործում են մինչ օրս։ Գրիգոր X-ին ընտրել էին գրեթե երեք տարի՝ 1268-1271թթ․։ Դա պապական ընտրությունների՝ պատմության ամենաերկար գործընթացն էր։
Այն ժամանակ կոնկլավի մասնակիցները պետք է մեկուսացած լինեին։ Սննդի կանոններն ավելի խիստ էին. երեք օր անց, առանց որոշման, կարդինալներին տրվում էր մեկ ճաշ, ութ օր անց՝ միայն հաց և ջուր։ XIV դարի կեսերին Պապ Կլեմենտ VI-ը թուլացրեց այդ սահմանափակումները՝ թույլ տալով երեք ուտեստ՝ ապուր, հիմնական ուտեստ (ձուկ, միս կամ ձու) և դեսերտ (պանիր կամ միրգ)։

Կոնկլավի ընթացքում սննդի ամենամանրամասն պատմական նկարագրությունը թողել է Վերածննդի ժամանակաշրջանի հայտնի խոհարար Բարտոլոմեո Սկապպին։ Նա սպասարկել է Պապ Պիոս IV-ին և Պիոս V-ին։ 1570 թվականին նա հրատարակեց «Opera Dell'Arte del Cucinare» գիրքը, որտեղ մանրամասն նկարագրել է, թե ինչպես էին կարդինալներն ուտում, և ինչպես էր իրականացվում վերահսկողությունը։
Սկապպին գրում է, որ կարդինալների ուտեստները պատրաստվում էին ընդհանուր խոհանոցում՝ խոհարարների և սոմելյեների կողմից։ Խոհանոցում մշտապես հերթապահում էին պահակները՝ կանխելու գաղտնի հաղորդագրությունների փոխանցումը։ Օրը երկու անգամ ծառայողները լոտոյի միջոցով ընտրովի կարգով ուտելիքը հասցնում էին պատի մեջ տեղադրված հատուկ պատուհանին, որը կոչվում էր «routa»։ Նախապես բոլոր ուտեստները ստուգվում էին՝ գաղտնի հաղորդագրությունների բացակայությունը համոզվելու համար։ Ամեն քայլ վերահսկվում էր իտալական և շվեյցարական գվարդիայի կողմից։
Նույնիսկ սննդամթերքի ամենափոքր մասերը խստորեն ստուգվում էին. որևէ փակ կարկանդակ կամ ամբողջական հավ չէր թույլատրվում։ Գինի և ջուր մատուցվում էին միայն թափանցիկ ամաններում։ Սրբիչներն ամբողջությամբ բացվում և մանրակրկիտ զննվում էին։ Սա ոչ միայն ապահովում էր կարդինալների մեկուսացումը, այլ նաև նվազեցնում թունավորման ռիսկը։
Չնայած սահմանափակումներին, Սկապպիի նկարագրությունների համաձայն, կարդինալները բավական լավ էին սնվում. մատուցվում էին սալաթներ, մրգեր, մսային ուտեստներ, գինի և թարմ ջուր։ Բնակության պայմանները բավականին հարմարավետ էին՝ անկողին, սեղան, կախիչ, երկու աթոռ, գիշերանոթ և այլ անհրաժեշտ իրեր։
Ստեղծված ավանդույթներն այսօր էլ շարունակվում են։ Մայիսի 7-ին մեկնարկող կոնկլավի ժամանակ կարդինալները կբնակվեն Սուրբ Մարթայի տանը, որը գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի հարևանությամբ։ Նրանց համար ճաշ կպատրաստեն միանձնուհիները։ Կընտրվեն պարզ ուտեստներ՝ բնորոշ Լացիո և Աբրուցցո շրջաններին՝ մինեստրոնե, սպագետի, գառան խորոված միս և խաշած բանջարեղեն։
Այս ամենի նպատակն է ապահովել գաղտնիություն և բացառել տեղեկատվության արտահոսքը։
Պատրաստեց՝ Արման Գալոյանը