Միջազգային

«Կողմերից մեկի հետ ավելի մոտ ենք համաձայնության». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության բանակցություններին՝ նշելով. «Մենք ավելի մոտ ենք համաձայնության մեկ կողմի հետ»։

Թրամփը կրկնել է հայտարարությունը, որ կդադարեցնի միջնորդական ջանքերը, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ առաջընթաց չտեսնի:

«Մի պահ կգա, երբ նրանց կասեմ՝ շարունակեք։ Շարունակեք հիմարություններ անել։ Երբեմն ես մոտ եմ այդ պահին, հետո ինչ-որ դրական բան է տեղի ունենում… Հնարավոր է, ոչինչ չստացվի՝ հնարավոր է, դա պարզապես անհնար է։ Պետք է հասկանալ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կա հսկայական ատելություն»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը նշել է, որ, մի կողմից, գուցե չհաջողվի Ուկրաինայում դադարեցնել պատերազմը, մյուս կողմից՝ արձանագրել է որոշակի առաջընթաց այդ ուղղությամբ:

«Կարծում եմ՝ մենք ավելի մոտ ենք համաձայնության մեկ կողմի հետ, իսկ մյուս կողմի հետ իրավիճակը գուցե ավելի բարդ է։ Կտեսնենք։ Այս պահին չեմ ուզենա հստակեցնել, թե որ կողմի հետ ենք ավելի մոտ։ Բայց մենք ձեռնտու համաձայնագիր ենք կնքել ամերիկացիների համար», – ասել է Թրամփը՝ ակնարկելով Ուկրաինայի հետ ընդերքի մասին կնքված համաձայնագիրը: