Միջազգային

Իսրայելը հաստատել է Գազայի գրավման պլանը

The Times of Israel-ը գրում է, որ Իսրայելի անվտանգության կաբինետը կիրակի ուշ երեկոյան միաձայն հաստատել է Գազայի գործողության էական ընդլայնման պլանը, որը նախատեսում է տարածքի գրավում և վերահսկողություն՝ նպատակ ունենալով հարվածել ՀԱՄԱՍ-ին և խուսափել վերջինիս կողմից հումանիտար օգնության վերահսկողությունից։ Գործողությունների նոր փուլը, ըստ պլանի, կսկսվի միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջանային այցից հետո։

Ըստ պաշտոնյաների՝ Իսրայելը պատրաստվում է վերահսկել Գազայի որոշ շրջաններ՝ խաղաղ բնակչությանը հարավ տեղաշարժելու և ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքները ոչնչացնելու միջոցով։ Գործողությունն սկսվելու է փուլային՝ նախ փոքր հատվածում, ապա՝ ընդլայնվելով։

Միևնույն ժամանակ, հաստատվել է Գազա օգնություն վերադարձնելու ծրագիր՝ նվազեցնելու այն ռիսկը, որ օգնությունը կհայտնվի ՀԱՄԱՍ-ի ձեռքում։ Տրամադրումը կիրականացվի միջազգային կազմակերպությունների և մասնավոր անվտանգության ընկերությունների միջոցով՝ Իսրայելի պաշտպանության բանակի արտաքին պաշտպանության ապահովմամբ։