Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը VKontakte-ի իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգներն են գլխավոր ներդրում ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում, անվանել է ձևական անհեթեթություն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ը հայտարարել էր Հաղթանակի օր՝ ասելով, որ ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար շատ ավելին է արել, քան մյուս երկրները, ավելին՝ ԱՄՆ-ն հաղթել է և՛ Առաջին, և՛ Երկրորդ համաշխարհային պատերազմներում։
«Թրամփը վերջերս հայտարարել է, որ Միացյալ Նահանգները գլխավոր ներդրումն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակում, և որ նա մայիսի 8-ը կսահմանի որպես տոն։ Տոնը վատ չէ։ Բայց առաջին եզրակացության համաձայն՝ դա ձևական անհեթեթություն է»,- ասել է Մեդվեդևը։
Մեդվեդևը Թրամփին խորհուրդ է տվել հիշել կամ պարզաբանել, թե ո՞վ է գրավել Բեռլինը, չորս տարուց ավելի ջախջախել թշնամուն և ով է «ազատագրել անշնորհակալ Եվրոպան»։
«Մեր ժողովուրդը զոհաբերել է իր 27 միլիոն որդիների և դուստրերի կյանքը՝ անիծյալ ֆաշիզմը ոչնչացնելու անվան տակ։ Ահա թե ինչու Հաղթանակի օրը մերն է, և դա մայիսի 9-ն է։ Այդպես էր, այդպես է, միշտ այդպես կլինի»,- նշել է նա։