Միջազգային

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ճանաչվել է ծայրահեղական

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունը (BfV) «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է որպես աջակողմյան ծայրահեղական կազմակերպություն։

Հատկապես ընդգծվել է էթնիկ հատկանիշների վրա հիմնված ազգի ընկալումը կուսակցության կողմից, ինչն, ըստ գնահատման, անհամատեղելի է ժողովրդավարական պետության սկզբունքների հետ։ Բացի այդ, նշվում է, որ կուսակցության որոշ ղեկավարների հայտարարությունները խախտում են մարդու արժանապատվության սկզբունքը։

Նոր կարգավիճակով պայմանավորված՝ գերմանական հատուկ ծառայությունները կարող են լրտեսել և այլ միջոցներ կիրառել կուսակցության հանդեպ։

Փաստացի, ըստ գերմանական մամուլի, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը դառնում է հակասահմանադրական շարժում, ինչը լրջորեն ազդելու է դրա ապագա գործունեության վրա։

AfD-ն փետրվարի խորհրդարանական ընտրություններում գրավել էր երկրորդ տեղը՝ հասնելով իր պատմության մեջ ամենաբարձր արդյունքին։ Սակայն ընտրություններում հաղթած քաղաքական ուժերը հրաժարվել են կոալիցիա կազմել կուսակցության հետ՝ դրա ծայրահեղական բնույթի պատճառով։